
Խավիեր Մասկերանոն կարծում է, որ իրենք չպետք է հույսը դնեն առաջին խաղում` Մեստալյում, արձանագրված հաշվի վրա: Նա նշում է, որ Կոպա Դել Ռեյում ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ ընդամենը 1 գոլից հետո:
Խավիեր Մասկերանոն ակնկալում է ծանր հանդիպում Նոու Կամպում: "Մենք գիտենք, որ ծանր խաղ է լինելու: Չենք կարող հույսներս դնել առաջին խաղում արձանագրված հաշվի վրա: Գավաթային խաղերում դու ամեն պահի կարող ես գոլ բաց թողնել ու ամեն բան գլխիվայր շուռ կգա", - հայտարարել է Բարսելոնայի 14 համարը:
Դիմակայության ելքը վճռված չի համարում
Մասկերանոն պնդում է. "Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակիչ դիմակայության ելքը դեռ վճռված չէ: Այժմ շատերը մեզ այդքան արագ չեն զիջում դիմակայությունը: Այդպես եղավ նաև Ռեալի դեմ 1/4 եզրափակչում: Այն ժամանակ էլ մենք գիտեինք, որ Ռեալն այդքան հեշտ չի հանձնվի, ինչպես և Վալենսիան, որը շատ է ցանկանում հայտնվել եզրափակչում":
Ինչ վերաբերում Լա Լիգային, Խավիերն ասաց. "Եթե Ռեալը հաղթի մնացած բոլոր խաղերում, մենք կծափահարենք նրան ու կշնորհավորենք, քանի որ դա կնշանակի, որ նրանք հիանալի մրցաշրջան են անցկացրել և արժանիորեն նվաճել են չեմպիոնի կոչումը: Մենք էլ պետք է մեր աշխատանքն անենք ու հուսանք, որ Ռեալն այդուհանդերձ միավորներ կկորցնի: Ամեն բան կիմանանք մրցաշրջանի վերջում, իսկ այժմ պարզապես անթույլատրելի է մտածել, թե ամեն - ինչ որոշված է":
Պույոլի և Պիկեին մասին
Արգենտինացին խոսեց Պույոլ - Պիկե պաշտպանական զույգի մասին, ասելով, որ "դա աշխարհի լավագույն զույգն է պաշտպանության կենտրոնում": Նա նշել է. "Նրանք հոյակապ ֆուտբոլիստներ են: Պույոլը վերջին խաղերում անկրկնելի է: Պիկեն նույնպես հիանալի խաղացող է: Նրանք արտակարգ են համագործակցում իրար հետ և այնպիսի տպավորություն է, որ նրանք իրար հետ են խաղացել ողջ կյանքում":
Վերջում Մասկերանոն խոսել է իր մտերիմ ընկերոջ` Մեսսիի մարզավիճակի մասին. "Նա հիանալի մարզավիճակում է: Լեոն կրկին գոլ խփեց և նրա գործերը լավ են ընթանում: Նա մեզ շատ է օգնում: Իսկ ինչ վերաբերում է նրան հանգիստ տրամադրելուն, ապա պետք է նշեմ, որ դա ֆիզիոթերապևտների և մարզիչների խնդիրն է: Իմ կարծիքով, Մեսսին դասվում է այն խաղացողների թվին, որոնց ավելի շատ օգտակար է խաղալը, քան հանգստանալը: Ամեն ֆուտբոլիստ յուօրինակ է: Եթե Լեոն մասնակցում է բոլոր խաղերին, ապա դա նշանակում է, որ նա ի վիճակի է դրան":
|